[Vahe Grigoryan's vahee.do.am ]
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » SAS-ի «Գոլդ» Արտակը
18:13
SAS-ի «Գոլդ» Արտակը
Այսօր թերթերից մեկը տեղեկացրել է, թե պատգամավոր Մարգարիտ Եսայանն իրեն պատկանող պատգամավորական պետհամարանիշները նվիրել է մեկ այլ պատգամավորի՝ Արտակ Սարգսյանին՝ SAS-ի Արտակին:

Պատգամավորական պետհամարանիշներ նվիրելը Հայաստանում ո՛չ նորություն է, ո՛չ էլ ինչ-որ արտառոց մի բան: Ի տարբերություն Մարգարիտ Եսայանի, ով կարծես թե պարզապես նվիրել է իր պետհամարանիշները՝ 2007թ. պատգամավոր դարձած Նաիրա Զոհրաբյանն իրեն տրված պատգամավորական պետհամարանիշները վաճառեց, ի դեպ, դարձյալ նույն Արտակ Սարգսյանին, ով այն ժամանակ էլ մեծ ջանքեր գործադրեց պատգամավոր դառնալու համար, սակայն չդարձավ: SAS-ի Արտակին մեծ փողերի շնորհիվ պատգամավոր դառնալ չհաջողվեց, սակայն նույն SAS-ի Արտակին 25 հազար ԱՄՆ դոլարով հաջողվեց ձեռք բերել պատգամավորական պետհամարանիշներ:

«Մենք վաղուցվա ծանոթներ ենք, լավ բարեկամներ ենք, ես ինքս մեքենա չունեմ, ինձ ծառայողական մեքենա է հատկացված, և այդ համարանիշը, ըստ էության, ինձ բոլորովին պետք չէր»,-ասել է Եսայանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ այն ժամանակ հենց այդ նկատառումներից ելնելով էր գնացել նմանատիպ քայլի, ինչը խոսում է մեր, այսպես ասած, նախկին (թեև երևի թե լրագրողի նախկինն էլ չի լինում) գործընկերների մասին. թե՛ Մարգարիտ Եսայանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը ճանապարհ անցած և կայացած լրագրողներ էին, որ ժամանակի ինչ-որ փուլում համաձայնվել են անցնել օրենսդիր աշխատանքի, առանձնապես կարիք չունեին ինքնացուցադրման, իրենց կարևորությունն ու հատուկ լինելը արտաքին ատրիբուտներով ներկայացնելու, ինչը մեր շատ օրենսդիրների պարագայում պարտադիր պայման է: Նույն Մարգարիտ Եսայանին այժմ էլ կարելի է տեսնել փողոցում ոտքով ինչ-որ տեղ գնալիս, Նաիրա Զոհրաբյանին չեմ տեսել, բայց չեմ կարծում, թե նա էլ առանձնապես փոխված լինի. Զոհրաբյանի պարագայում կարող է մի փոքր բազմազբաղության գործոնը վճռորոշ լինել՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի հետ կապված հարցերի պատասխանների հիմնական բեռը նրա վրա է:

Ինչ վերաբերում է Սարգսյան Արտակին, ապա նրան ևս կարելի է հասկանալ. չկա մարդ, որ թուլություններ չունենա. այս երիտասարդի թուլությունն էլ պատգամավորական «գոլդ» համարանիշներն են, և, փաստորեն, «ինչքան շատ, էնքան լավ» սկզբունքով։ Եթե 2007-ին նա ձեռք բերեց Զոհրաբյանի «գոլդ» համարանիշները, քանի որ չկարողացավ վերընտրվել և ունենալ սեփականը, ապա այժմ անգամ սեփական համարանիշների առկայությունը նրան հետ չպահեց ևս մեկն ունենալու գայթակղությունից: Առաջին անգամ պատգամավորական «գոլդ» համարանիշ ունենալու բերկրանքն Արտակը զգաց 2004-ին, երբ պահը որսաց և ՕԵԿ-ի շնորհիվ մտավ խորհրդարան: 2007-ին ո՛չ Արտակի բուռն ցանկությունը, ո՛չ էլ «թափած» փողերը նրան հնարավորություն չտվեցին նորից «գոլդ»-ի տեր դառնալ, դրա համար էլ դիմեց զարտուղի ճանապարհի: 2012-ին հանուն այն բանի, որ SAS-ի Արտակը վերջապես օրինականորեն տեր դառնա իր երազանքին, կազմակերպվում է «հանուն SAS-ի Արտակի պատգամավորության» օպերացիան, որը գլխավորում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանուն նրա, որ Արտակի ճանապարհին այլևս խոչընդոտներ չլինեն, նախօրոք կազմակերպվում է Արաբկիրում հեղինակություն վայելող Հովհաննես Շահինյանի չեզոքացման օպերացիան: Բոլորն էլ գիտեին, որ Շահինյանն ամբիցիոզ անձնավորություն է և ընտրություններին կարող է խանգարել՝ կա՛մ անձամբ, կա՛մ էլ միջնորդավորված (կնոջ՝ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի միջոցով) առաջադրվելով. Շահինյանը հեռացվում է ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից: Ի դեպ, ՕԵԿ-ի՝ գծերից դուրս թռնելուց հետո Սարգսյանն անմիջապես կողմնորոշվել էր և դարձել ՀՀԿ-ական, այնպես որ հաղթանակն ու ճանապարհը դեպի «գոլդերի հասարակություն» ապահովվեց:

Հաշվի առնելով, որ մեր բարձրաստիճաններից շատերն ինչ-ինչ թուլություններ ունեն, SAS-ի Արտակինը, հնարավոր է, որ դրանց շարքում թվա ամենաանմեղը (օրինակ, Սերոբ Տեր-Պողոսյանի թուլությունը մանկահասակ տղաների նկատմամբ նրան հասցրեց քրեակատարողական հիմնարկ): Իհարկե, սա գալիս է Արտակի երիտասարդությունից, թեև 39 տարեկանում մարդը շատ ավելի հասուն կարող է լինել և շատ ավելի կայացած ու վեր «գոլդային» կախվածություններից: Բայց հուսանք, որ պատգամավորական երկրորդ ժամկետը գոնե հնարավորություն կտա Սարգսյանին ձերբազատվել այս կրքից և տրվել շատ ավելի օրենսդրական գործունեությանն ու հաճույք ստանալ կոնկրետ իր երկրի զարգացմանը նպաստող օրենքներ գրելուց, ինչո՞ւ ոչ, թեկուզև բարեգործությունից, իսկ պետհամարանիշներով ապրելն ու կայանալը թողնել ավելի «խակերին ու պապայի բալաներին», որոնք թույլատրելի գլխաքանակից էլ շատ են մեզ մոտ:

Դիտումներ: 225 | Ավելացրեց: vahe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: